Արմինֆո. Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կրկին նախազգուշացնում է Արցախի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցեղասպանության հնարավորության մասին: Այդ մասին ասվում է ինստիտուտի՝ Ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ինդիկատորների մասին զեկույցի հրատապ վարկածում։
Ինստիտուտը հույս ունի, որ նոր հրատապ զեկույցը կնպաստի արցախահայության կյանքն ու ինքնությունը պաշտպանելու գլոբալ վճռականությանը, կանխելու հայերի երկրորդ ցեղասպանությունը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, և նախաձեռնելու տարածաշրջանում վաղուց հասունացած վերափոխող արդարադատության գործընթաց, որը թույլ կտա հայերին և ադրբեջանցիներին արտահայտել իրենց պատմական դժգոհությունները և շփման եզրեր գտնել հաշվետվողականության, խաղաղաշինության և մարդկային անվտանգության հարցերում:
"Մենք որոշել ենք կենտրոնանալ ցեղասպանության հանցագործության վրա, քանի որ զեկույցում ներկայացված ապացույցները մատնանշում են ցեղասպանության մի քանի լուրջ ահազանգերի առկայությունը և այդ հանցագործությունը կատարելու մտադրությունը։ Փաստորեն, ներկայացված ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ ցեղասպանության հանցագործությունը, հնարավոր է, արդեն իսկ տեղի է ունենում շրջափակման տեսքով, որը միաժամանակ լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս է հասցնում համայնքի անդամներին", - ասվում է զեկույցում:
Ինչպես ընդգծում են փաստաթղթի հեղինակները, ցեղասպանության հնարավորության մասին են վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը ինքնավար պատմական և մշակութային ընդհանրության ցանկացած մնացորդից զրկելու վերաբերյալ: Նրա հրապարակային ելույթները, Լաչինի միջանցքի շրջափակումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության բազմակի խախտումները և Արցախի ՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող շրջաններում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կարծես, վկայում են ցեղասպանություն իրականացնելու հատուկ մտադրության մասին ։
"Ալիևի վարչակազմի և ադրբեջանական կառավարական ինստիտուտների ներսում հակահայկական ատելության խորը ներծծումը մեզ բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է: Այս փաստը պետք է հաշվի առնել նախքան տարածաշրջանում որևէ խաղաղություն հաստատելը։ Մտահոգիչ վկայություններ կան, որ նախագահ Ալիևը կարող է ռազմական հարձակում ծրագրել Արցախի վրա շատ մոտ ապագայում։ 2023 թվականի օգոստոսի 16-ին նախագահ Ալիևը նոր հրամանագիր է ստորագրել, որով 18 և բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին հանձնարարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներկայանալ զինվորական ծառայության։ Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակավայրերը ՝ իր ուժերը կենտրոնացնելով նաև Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Արցախի վրա ռազմական հարձակումը կարող է հանգեցնել ցեղասպանության: Դա գրեթե հաստատապես հանգեցնելու է արցախահայության բռնի տեղահանման և լայնածավալ վայրագությունների իրականացման, ինչպես 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և դրան հաջորդած ռազմական գործողությունների ժամանակ ։ Եթե արցախահայությունը վտարվի, դա ոչ միայն կստեղծի փախստականների հսկայական զանգվածային շարժում, որը կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը, այլև կհանգեցնի ժողովրդի ոչնչացման, քանի որ արցախահայությունը կկորցնի իր ուրույն ինքնությունը, որը ձևավորվել է նրանց անկախ մշակութային բարգավաճման հազարամյակների ընթացքում", - ասվում է զեկույցում: