Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է: Նման տեսակետ է հայտնել "Այլընտրանքային նախագծեր" խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
Նրա հոդվածի համաձայն, այս ընթացքը տանում է պատերազմի, որովետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թույլ է տվել կոպիտ բանակցային սխալներ, կոպիտ բովանդակային սխալներ, և հիմա Ադրբեջանի մոտ կան ահռելի արհեստական սպասումներ՝ Արցախի մասով և 8 անկլավների։ Իրավիճակը, ըստ փորձագետի, չափազանց լարված է, և կարևոր է ճիշտ պատկերացնել իրականությունը և առաջ շարժվել:
Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը Ալիևի համբերության մասին է, ում որոշակի ժամանակ է պետք՝ վերջին ճշգրտումները և ապահովագրումներն անելու համար։ «Եվ Արևմուտքի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր հայտարարությունները մեզ դրա մասին են ասում։ «Ալիևի համբերություն» ասվածը իրական գործոն է, նոր չափման միավոր, որում հայտնվել ենք մենք մեր սխալների պատճառով։ Որքա՞ն է դա՝ մեկ ամիս, երկու ամիս... խնդիրը դա հաշվարկելը չէ։ Մեր խնդիրը այդ հաշվարկման միավորից դուրս գալն է։ Եվ մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ այդ գործոնը չեզոքացնելու համար։ Շրջափակման տրամաբանությունը, միջնորդների պահվածքը, Ռուսաստանի հետ մեր՝ դինամիկ սրվող հարաբերություններն ապացուցում են, որ այս ընթացքը տանում է պատերազմի։ Բանակցություններն իրենց սխալ բովանդակության պատճառով, մեծ հաշվով, արդեն ավարտվել են։ Մեր պրոբլեմը դրա մեջ է։ Այսօր ունենք մոտավորապես 2020-ի ամառվա վիճակը։ Նիկոլը սա շատ լավ հասկանում է. շարունակել նույն կերպ, իբր գնում ենք պայմանագրի կնքման՝ Արցախի ֆաշիստական շրջափակման պայմաններում, անհնար է։ Ընդհատել բանակցությունները՝ անմիջապես պատերազմ է», - ընդգծել է փորձագետը։
Ըստ էության, շարունակել է նա, Հայաստանի ներկայիս իշխանությունն զբաղվում է երկու բանով՝ նոր պատերազմի եւ հայրենազրկման նախապատրաստմամբ: «Այնպես չէ, որ իշխանությունը պատերազմ է ուզում կամ նոր զոհեր. իհարկե դա այդպես չէ։ Բայց իշխանության քայլերը բերել են ծանր փակուղային վիճակի։ Իրավիճակը է´լ ավելի վատթարացնող, ծայրահեղ արկածախնդիր ուղղություն է՝ իշխանության կողմից տարվող հակառուսականությունը։ Իշխանության նեղ հաշվարկը պարզ է. տեսականորեն սա Նիկոլ Փաշինյանին կարող է տալ ինչ-որ անձնական շանսեր, բայց պետությանը բերելու է աղետի», - հայտարարել է Վահե Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ