Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում է ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարություն: Այդ մասին Հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով ՝ շուտով ռազմավարությունը կներկայացվի կառավարությանը, որից հետո կհաստատվի 2023-2027թթ. միջոցառումների ծրագիրը: Այդ միջոցառումների շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի այն հատվածներին, որտեղ ամենից շատ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ:
Ինչպես նշել է Սանոսյանը, այդ տեղամասերում նախատեսվում է անցկացնել փորձագիտական ուսումնասիրություն, որը թույլ կտա բացահայտել պատճառները և համապատասխան աշխատանքներ իրականացնել: Արդյունքում՝ որոշ հատվածներում ամբողջությամբ կփոխարինվի ճանապարհային շերտը, որոշ հատվածներում հնարավոր է նոր լուծումների ներդրում պահանջվի։ Փոփոխությունները կարող են վերաբերել նաև բուն երթևեկությանը, լրացուցիչ ճանապարհային նշանների տեղադրմանը և այլն: Տարեկան միջինը նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 30 նման տեղամասերում