Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-26-ը կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին: Ըստ "ՌԻԱ Նովոստի"ի՝ այդ մասին վկայում է ընդհանուր քննարկումների թարմացված ժամանակացույցը։
Ըստ ժամանակացույցի՝ Հայաստանի արտգործնախարարի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին։
Քննարկումների առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին, առաջինը ելույթ կունենա Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ապա՝ ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենը: Յոթերորդը սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը։ Նույն օրը, ըստ ժամանակացույցի, ելույթ կունենան Ուկրաինայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Իբրահիմ Ռաիսին: Ելույթներով հանդես կգան նաև Հունգարիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և այլ երկրների ղեկավարները: Հաջորդ օրը ելույթ ունեցողների թվում են Հարավային Կորեայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Մոնղոլիայի նախագահները:
Սեպտեմբերի 23-ին, Միրզոյանից բացի, Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ելույթ կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի, Մեքսիկայի, Ավստրալիայի, Բելառուսի, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը:
Շաբաթվա վերջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, նախատեսված են Հնդկաստանի, Սիրիայի, Վենեսուելայի, Դանիայի, Մալիի արտաքին գործերի նախարարների ելույթները: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը սպասվում է 99 պետությունների ղեկավարների, 48 վարչապետների և 32 արտաքին գործերի նախարարների մասնակցություն: