Արմինֆո.Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում հինգշաբթի Իսպանիայում: Լաչինի միջանցքը, նրա խոսքով, "պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար", հաղորդում է ՏԱՍՍ-ը։
"Մենք ֆրանսիացի գործընկերոջ հետ (Կատրին Կոլոննա) օրակարգում ներառել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է", - ասել է Բերբոքը՝ Տոլեդո քաղաքում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։ Էլեկտրաէներգիան, նախարարի պնդմամբ, հասանելի է միայն փոքր քանակությամբ։ "Եվ հենց այդ պատճառով էլ մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ թախանձագին կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջապես ստանա այն, ինչ իրեն պետք է ապրելու համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար", - ընդգծել Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա հստակեցրել է, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն այդ հարցը կքննարկեն հինգշաբթի: Բերբոքը նաեւ նշել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքներ են փոխանակվում ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա մարդասիրական օգնություն: