Արմինֆո.Ադրբեջանը 10 օրով կալանավորել է օգոստոսի 28-ին Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապօրինի անցակետից առևանգված Արցախի երեք քաղաքացիներին (2001թ. ծնված Ալեն Սարգսյանին, 2003թ. ծնված Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին): Հիշեցնենք, որ տղաները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շրջափակված Արցախից մեկնում էին Հայաստան՝ ուսումը շարունակելու ՀՀ բուհերում:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, նախ, նրանց մեղադրել է "Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու համար", ընդ որում, քրեական գործը հարուցվել է ԱՀ ՔՕ 283.2.3 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 324 (Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի կամ զինանշանի անարգանք) հոդվածներով։ Եվ, իբր, գործը փակվել է մեղադրյալների տարիքի և նրանց մեղքն ընդունելու պատճառով։
"Քննությանը ներգրավված անձանց պաշտպանության իրավունքն ապահովվել է։ Հարցաքննության ընթացքում նրանք խոստովանել են, որ կատարել են այդ արարքը և հայտարարել, որ անկեղծորեն զղջում են և ապագայում նման արարքներ չեն անի: Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և նրանց անկեղծ զղջումը անկեղծ խոստովանությամբ, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, կիրառելով մարդասիրության սկզբունքը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է",-հաղորդել են ԱՀ գլխավոր դատախազությունից:
Ընդ որում, նույն հաղորդագրության համաձայն, իբր Ադրբեջանի պետական դրոշի պղծման տեսագրությունը տեղադրելու համար երիտասարդները կալանաավորվել են 10 օր ժամկետով: "Դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի նշված անձանց վտարումը Ադրբեջանի Հանրապետության սահմաններից", - ասված է ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում: