Արմինֆո. Օգոստոսի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակման մասին քննարկումը ոչինչ չտվեց: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ,ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբակցության համանախագահ Ադամ Շիֆը՝ Twitter-ի իր միկրոբլոգում տեսաուղերձում։
"Արցախում աղետ է տեղի ունեցել, 120 հազար բնակիչ զրկված է սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներից, ինչի հետևանքով արդեն իսկ արձանագրվում են մահվան դեպքեր: Արցախում բնակվող հայերը շարունակում են շրջափակման մեջ մնալ, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը", - նշել է Շիֆը՝ այդ համատեքստում կոչ անելով անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Նա նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ, որում անդրադարձել է Անվտանգության խորհրդի վերոնշյալ հրատապ նիստին: "Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի անարգել մատակարարումները, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է դադարեցնեն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և համոզվեն, որ անօրինական շրջափակումը կդադարեցվի ։ Ադրբեջանին ոչ մի լումա պետք չէ տրամադրել, համենայնդեպս, հիմա, երբ այս աղետը շարունակվում է։ ԱՄՆ-ը չի կարող լռել, վարչակազմը պետք է խոսի և գործի, և անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել։ Հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն մահանալ", - հայտարարել է ԱՄՆ օրենսդիրը։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում արդեն հազարավոր մարդիկ են զոհվել, և այդ երկիրը շարունակում է ապօրինի պահել ռազմագերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը: Վերջում Շիֆը խորը մտահոգություն է հայտնել հայոց նոր ցեղասպանության սպառնալիքի առնչությամբ: