


Արմինֆո.Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) Twitter-ի միկրոբլոգում հրապարակումները մեմերի առիթ են դարձել սոցիալական ցանցերի հայկական հատվածում:
Ավելի վաղ Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) իր թվիթերյան միկրոբլոգում զետեղել էր գնդակոծության մասին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գրառման սքրինշոթը՝ FAlSE մակնշմամբ, և գրել հետևյալ բնույթի տեքստ. "EUMA-ի ոչ մի պարեկ գնդակոծության օբյեկտ չի եղել։ Մենք իրականացնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի պարեկություն եւ Բրյուսելին հաղորդում ենք ռազմական իրադարձությունների մասին, ներառյալ՝ մեր պատասխանատվության գոտում հրաձգությանն առնչվող միջադեպերի մասին":
Այդ գրառումից հաշված րոպեներ անց համացանցում հայտնվեց տեսանյութ, որում եվրադիտորդը պատմում է, թե որ կողմից է իրենց մեքենան գնդակոծվել: Այն բանից հետո, երբ տեսանյութը լայն տարածում գտավ սոցիալական ցանցերում, EUMA-ն ջնջեց Twitter-ի իր նախորդ գրառումը՝ գրելով հետևյալ բնույթի տեքստ. "Սրբագրված հայտարարություն. հաստատում ենք, որ EUMA պարեկը ներկա է եղել մեր պատասխանատվության գոտում կրակոցներին ։ EUMA-ի ոչ մի անդամ չի տուժել":
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ժամը 15:00-ի սահմաններում հաղորդել էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:



