Արմինֆո. Թուրքիան սատարել է արցախցիների նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
Այսօր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որում լիովին արդարացրել Է Ադրբեջանի կողմից Արցախի պաշարումը, որը շարունակվում է արդեն ուղիղ 9 ամիս։
"Թուրքիան ուշադիր հետեւում է Լաչինի ճանապարհի շուրջ վաղեմի քննարկումներին եւ հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այդ հարցի շուրջ։ Ցավոք, այդ մտահոգությունները, որոնք Ադրբեջանը բարձրաձայնել է երկար ժամանակ, հաշվի չեն առնվել, եւ, արդյունքում, Ադրբեջանը ձեռնարկել է միջոցներ, որոնք նպատակահարմար է գտնում իր ինքնիշխան իրավունքների շրջանակում", - նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Անկարայում նաև հայտարարել են, որ ոչ մի հիմք չեն տեսնում Ադրբեջանին "Լաչինի ճանապարհի" վերաբերյալ քննադատելու համար։ "Այն փաստը, որ ներկայում նախատեսված են ճանապարհով բժշկական անցումներ, ինչպես նաև մեծ ծավալի նյութական միջոցների փոխադրման համար պիտանի այլ երթուղիներ, վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը բարեխղճորեն առավելագույն ջանքեր է գործադրում։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կխուսափի սադրիչ քայլերից, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կաջակցի "Աղդամ-Խանքենդի" (Ակնա-Ստեփանակերտ - խմբ.) ճանապարհի եւ Ղարաբաղում հայ բնակչության կարիքների բավարարման այլ այլընտրանքային միջոցների օգտագործմանը, ինչպես նաեւ կաջակցի Ադրբեջանի հասարակությանը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված ջանքերին: Թուրքիան գտնում է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ հումանիտար ջանքերի ապահովման համար բարեկամ եւ եղբայրական Ադրբեջանին պետք է աջակցել եւ խուսափել իրավիճակը սրող գործողություններից", - հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում, որտեղ, ըստ երեւույթին, թույլ են տալիս միայն հայերի եւ հայկական պետության իրավունքների ոտնահարում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ ։ Եթե մինչև ս.թ. հունիսի 15-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեին գոնե սահմանափակ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք հասցնել Արցախի պաշարված բնակչությանը, ապա հունիսի 15-ից հետո այդ հնարավորությունն էլ չկա: Արցախի 120 հազար բնակչությունը սովամահության շեմին է՝ միջազգային հանրության անգործության ֆոնին։
Հուլիսի 26-ից Հայաստանի կառավարության կողմից 360 տոննա մարդասիրական բեռով բեռնատարները կանգնած են Կոռնիձորում և սպասում են պաշարված Արցախ մեկնելու հնարավորությանը:
Մինչդեռ, Ադրբեջանում ցինիկաբար, իրենց իսկ կողմից միջազգայնորեն ճանաչված երթուղին ապաշրջափակելու փոխարեն, որպես Քաշաթաղի միջանցքի այլընտրանք արցախցիներին առաջարկում են Ադրբեջանից սնունդ հասցնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Արցախի բռնի հպատակեցման գործընթացը։
Հավելենք նաև, որ օգոստոսի 12-ին Հայաստանը դիմել Է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով: Հավելենք նաև, որ իրավունքի ոլորտի միջազգային փորձագետներն արդեն իսկ արցախցիների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակում են որպես ցեղասպանություն: