Արմինֆո. Բաքվի աղբյուրները հաստատել են, որ Ադրբեջանը հրաժարվել է օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախատեսված բանակցություններից: Մասնավորապես, ադրբեջանական Turan գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են հանդիպումից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանը երկու անգամ Արցախի ներկայացուցիչներին հրավիրել էր Բաքու՝ "վերաինտեգրման շուրջ երկխոսության" համար, սակայն, Ստեփանակերտը հրաժարվել է: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե բանակցությունների հետագա հրավերներ չեն լինելու:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահին առընթեր Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր հայտարարել էր, որ Բաքուն հրաժարվել է մասնակցել Բրատիսլավայում նախատեսված հանդիպմանը: "Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության միջնորդությամբ ձևաչափը փոխվեց, և վաղը Բրատիսլավայում պետք է տեղի ունենար Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում։ Սա առաջին օրը չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպումից՝ առանց առիթի", - ասել էր Պետրոսյանը ։