Արմինֆո. Արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիներն ակտիվորեն քննարկվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակների հետ: Այդ մասին ասվում է "Ազատություն" ռադիոկայանի հարցին ԱԳՆ պատասխանում:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտագործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով», - Ասվում է ԱԳՆ-ի պատասխանում։
«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկում է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։
Արտգործնախարարությունից նշել են, որ մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) թե՛ երևանյան, թե՛ տարածաշրջանային գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են վերջիններիս իրավասությունների շրջանակներում արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: Ըստ գերատեսչության՝ հարցը քննարկվել է նաև ապրիլին կայացած ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Կորին Ֆլեյշերի՝ Երևան այցի շրջանակներում: Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչությունից շեշտում են՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ՄԱԿ գործակալությունների և այլ միջազգային կառույցների մուտքն Արցախ:
«ՀՀ ԱԳՆ համակարգմամբ ՊՀԾ ղեկավարության հետ անմիջական կապի մեջ են նաև ՀՀ այլ պատասխանատու գերատեսչությունները: Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի սահմանված կարգով», - ասվում է պատասխանում։ -