Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումը կործանարար և անդառնալի ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ։
"Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումը կործանարար և անդառնալի ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների երեխաները ՝ Լեոն (3 տարեկան) և Գիտան (6 տարեկան) զոհվել են հումանիտար ճգնաժամի հետևանքով: Սա՝ 21-րդ դարում: Չի կարելի համակերպվել սրա հետ", - գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով զոհված երեխաների լուսանկարները։
Հիշեցնենք, որ արցախցի միայնակ մայրը հուլիսի 7-ին, երկու մանկահասակ երեխաներին տանը թողնելով քնած՝ առանց հսկողության, ոտքով գնացել էր Մարտակերտ ՝ սնունդ հայթայթելու: Շրջափակման և վառելիքի բացակայության պատճառով տրանսպորտի բացակայության պատճառով նա շրջկենտրոն էր մեկնել ոտքով։ Երեխաները, արթնանալով և չգտնելով մորը, գնացել էին նրան փնտրելու։ Ճանապարհին հոգնած մտել էին ճանապարհի մոտ կայանված մեքենաներից մեկը և խեղդվել՝ փողոցում բարձր ջերմաստիճանի պատճառով ։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել էր, իբր, Արցախ մաքսանենգ ապրանք փոխադրելու համար, և այդ պատրվակով ամբողջությամբ արգելափակել էր առանց այդ էլ կես տարուց ավելի չգործող միջանցքը: Հավելենք, որ ԿԽՄԿ-ում խոստովանել են, որ 4 վարձու վարորդներ, առանց կազմակերպության գիտության, իրենց հետ ինչ-որ ապրանք են տարել (ծխախոտ, հեռախոսներ և այլն), և նրանց հետ պայմանագիրն անմիջապես դադարեցվել է: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է խեղդել այս տարվա դեկտեմբերի 12-ից տոտալ շրջափակման մեջ գտնվող, գազից, էլեկտրաէներգիայից և տարրական առաջին անհրաժեշտության իրերից զուրկ Արցախի ժողովրդին: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին, որը էներգառեսուրսների հետևից ընկնելով մոռացել է իր իսկ կողմից քարոզվող մարդու համընդհանուր իրավունքների մասին։