Արմինֆո. Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ: Այդ մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
«Ավելի քան 186 բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար: «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մեղադրել էր, իբր, Արցախ մաքսանենգ ապրանք փոխադրելու համար, և այդ պատրվակով ամբողջությամբ արգելափակել էր առանց այդ էլ կես տարուց ավելի չգործող միջանցքը: Հավելենք, որ ԿԽՄԿ-ում խոստովանել են, որ 4 վարձու վարորդներ, առանց կազմակերպության գիտության, իրենց հետ ինչ-որ ապրանք են տարել (ծխախոտ, հեռախոսներ և այլն), և նրանց հետ պայմանագիրն անմիջապես դադաարեցվել է: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է խեղդել այս տարվա դեկտեմբերի 12-ից տոտալ շրջափակման մեջ գտնվող, գազից, էլեկտրաէներգիայից և տարրական առաջին անհրաժեշտության իրերից զուրկ Արցախի ժողովրդին: Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության անգործության ֆոնին, որը էներգառեսուրսների հետևից ընկնելով մոռացել է իր իսկ կողմից քարոզվող մարդու համընդհանուր իրավունքների մասին։