Արմինֆո. Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ: Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Ջեյմս Օ ' Բրայենը հունիսի 29-30-ը Հայաստան այցի ընթացքում հանդիպելու է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ վարչապետի հետ և քննարկելու է ԱՄՆ պատժամիջոցների շրջանակներում համագործակցության հարցերը և երախտագիտություն է հայտնելու Հայաստանին ՝ դրանք ապահովելու հանձնառության համար:
Սակայն Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային գործընթացները, Արցախում հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը: ԱՄՆ պատժամիջոցների շրջանակներում համագործակցության մասին ոչ մի խոսք չի ասվել։