Արմինֆո. 2018-2019 թվականներին առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացը՝ իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով ու հնարավորություններով։ Այդ մասին հունիսի 27-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով 2020 թվականի աշնանը Արցախում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամների այն հարցին, թե ինչու 2018-19 թվականներին բանակցային գործընթացը մանրամասն չի ներկայացվել հանրությանը։
Վարչապետը հարցը լեգիտիմ է համարել, նշելով, որ բազմիցս ինքն իրեն այդ հարցն է տվել։ «Մյուս կողմից, իսկ ինչպիսի՞ն կլինեին այդ հայտարարությունների հետևանքներն ու արդյունքները, և ինչպիսի՞ն պետք է լիներ հաջորդ քայլը այդ հայտարարությունից հետո, և որքանո՞վ ես ինքս ներդաշնակ էի այդ իրականությանը», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ ինքն իրեն հաճախ է տվել այդ հարցերը և մտածել այն մասին, թե ինչ է հետեւելու դրան. պատերազմ, թե՞ խաղաղություն։ Քանի որ դա կնշանակեր հրապարակայնորեն բացահայտել բանակցային գործընթացի ողջ էությունը՝ բոլոր ներքին, տարածաշրջանային եւ միջազգային հետեւանքներով, հավելել է նա։ "Ժամանակի ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ այդ մասին պետք է խոսել, ընդ որում՝ հենց քննիչ հանձնաժողովի նիստում", - ասել է վարչապետը, նշելով, որ հանձնաժողովի ձեւաչափը ստիպում է իրեն ուղիղ խոսել՝ առանց որեւէ մանեւրի եւ դիվանագիտական ձեւակերպումների:
Ինչպես խոստովանել է վարչապետը, 2019 թվականին աշխատանքային մակարդակով բանակցային գործընթացն անվանել է "պատերազմական կոնվեյեր"։ «Տրամաբանությունն այս է. տուր ինձ այն, ինչ ուզում եմ՝ խաղաղ ճանապարհով, այլապես, նույնը կստանամ պատերազմով: Դա իմ ընկալումն էր, և իմ խնդիրը հետևյալն էր. փորձել հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են կանգնեցնել կոնվեյերը, ինչպես կարելի է կանգնեցնել այն, և այո, ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել կանգնեցնել այդ կոնվեյերը", - ասել է Նիկոլ Փաշինյանը։