Արմինֆո.Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության ենթակոմիտեի (SEDE) պատվիրակներն այցելել են Հայաստանում եվրոպական առաքելության (EUMA) Գորիսի օպերատիվ կենտրոն, որպեսզի տեղերում ավելի լավ հասկանան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ շրջաններում անվտանգությանն առնչվող իրավիճակը: Այդ մասին հաղորդում է EUMA-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է EUMA-ին՝ հայկական կողմից դեպի Լաչինի միջանցք տանող Հակարիի կամրջի մոտ պարեկություն իրականացնելու համար:
Մարկուս Ռիտերն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը "գործում է, կարծես, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ հայ-ադրբեջանական սահմանի շրջաններում միջադեպերի եւ հրադադարի ռեժիմի խախատումների առնչությամբ"։
Այցի ավարտին Նատալի Լուազոն աջակցություն է հայտնել EUMA-ին, ինչպես նաև "տարածաշրջանում խաղաղության ձգտմանը" և շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կողմերին այցը կազմակերպելու համար:
ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությունից բացի, SEDE-ի պատվիրակության եռօրյա այցի նպատակն էր գնահատել Հայաստանում անվտանգությանն առնչվող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովը (SEDE) Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովն է: Այն պատասխանատու է եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ESDP) համար, ներառյալ հաստատությունները, հնարավորությունները և գործողությունները, ինչպես նաև ռազմավարական գործընկերների և երրորդ երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Կոմիտեն բաղկացած է 30 անդամից, այն գլխավորում է Նատալի Լուազոն՝ Ֆրանսիայից։