Արմինֆո. Ադրբեջանական բանակի զինվորը Հայաստանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը:
Աղբյուրի համաձայն, Ախունդովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Նապոլեոն Օհանյան) մեղավոր է ճանաչվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահպանության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի սպանության համար: Մելիքսեթյանի ընտանիքը դատավճիռն անընդունելի է համարում և պահանջում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը և Ադրբեջանի ԶՈՒ ևս մեկ զինծառայող Ակշին Բագիրովը հատել էին սահմանը և հայտնվել Հայաստանի տարածքում, որից հետո ձերբակալվել էին սահմանամերձ գյուղերի բնակիչների զգոնության և ջանքերի շնորհիվ: Ապրիլի 12-ին Ախունդովը Շղարշիկ գյուղի մոտ սպանել է ԶՊՄԿ-ի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին: