Արմինֆո.Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններն Անդրկովկասում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Այդ մասին հունիսի 7-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
"Դուք արդեն հիշատակել եք տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մասին։ Կարելի է ասել, որ վերջին նիստի ընթացքում բավականին շոշափելի առաջընթաց է արձանագրվել։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցություններն այն կողմերի իրավասության ինքնիշխանության սկզբունքի շրջանակներում, որոնցով անցնում են այդ հաղորդակցությունները", - ասել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը այն հաղորդակցությունների մասին է, որոնք արտացոլված են Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: "Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասնել որոշակի լուծումների", - ասել է Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում ռուսական բիզնեսին։ <Շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանի Հանրապետությունում իրեն լավ է զգում։ Անցյալ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը, եւ շատ բան, ինչի մասին մենք խոսել ենք, արդեն կյանքի է կոչվել", - հայտարարել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ ներդրումային մեծ ակտիվություն է նկատվում ։ "Փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճում է, եւ դա հիանալի օգնում է Հայաստանի տնտեսությանը, մենք ունենք տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշներ", - հավելել է նա: