Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) նախատեսում է առաջիկա ամիսներին երեք լրացուցիչ օպերատիվ կետեր բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ հունիսի 1-ին ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Մարտունիում հանդիպել են EUMA աշխատանքային խմբի հետ։ Ռիթերը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը եւ տեղեկացրել անվտանգության բնագավառի իրադարձությունների մասին տեղերում՝ առաքելության ներկայացուցիչների դիտարկումների հիման վրա: Նա նշել է, որ առաջին երեք ամիսների ընթացքում իրականացվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 դիտարկում Գորիսի, Ջերմուկի և Մարտունու օպերատիվ կենտրոններից: Ամեն շաբաթ դիտորդներն անցնում են ավելի քան 3800 կմ: <Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ: Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է երեք լրացուցիչ օպերատիվ կետեր բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում ՝ առաջիկայում աստիճանաբար հասնելով լիակատար պատրաստության: Մեր նպատակն է նպաստել սահմանամերձ տարածաշրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, բազմաթիվ հայ պաշտոնական անձանց կարծիքով, EUMA-ն նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Սակայն, իրավիճակը մնում է անկայուն>, - ասել է Ռիթերը:
Հավելենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունն իր աշխատանքը սկսել է փետրվարին ՝ երկու տարի ժամկետով։ Այն հայ-ադրբեջանական սահմանին խախտումների դիտարկում է իրականացնում։