Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի հունիսի 12-ին Վաշինգտոնում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով Եվրախորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպմանը (որը նվիրված էր հայ-ադրբեջանական բանակցություններին):
Բացի այդ, հունիսի 2-ին Մոսկվայում կկայանա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Փաշինյանը նաև վերահաստատել է հուլիսի 21-ին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումը և հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպման հրավերը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Երևանի ժամանակով 18:00-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որը տևել է 10 րոպե: Այնուհետև նրանց միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը: Հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանագծման և սահմանազատման անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների հետ կապված և այլ հումանիտար հարցեր: