Արմինֆո. Քիշնևում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:
Երևանի ժամանակով 18: 00-ին Քիշնևում մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, որը տևել է 10 րոպե: Այնուհետև նրանց միացել են Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը: Հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։ Հանդիպման մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում:
Այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել, որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կվերահաստատեն հարաբերությունների կարգավորման ընդհանուր քաղաքական կամքը:
Քիշնևի հնգակողմ բանակցությունները մայիսից ի վեր Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ արդեն երրորդ հանդիպումն է։ Ավելի վաղ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդի ղեկավարի մասնակցությամբ ։ Դրանից հետո մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: