Արմինֆո.Ուկրաինական իրադարձություններից հետո Հայաստանի մանևրի և բոլորի մանևրի դաշտը նեղանում է։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 31-ին ժողովրդավարության հայկական ֆորումի հարթակներում Փաշինյանը հիշեցրել է, որ երբ 2021 թվականի մայիսի 10-ին ուժի մեջ մտավ իր հրաժարականը, և խորհրդարանը լուծարվեց, այսինքն, երկրում, փաստացի, չկար ո՛չ կառավարություն, ո՛չ խորհրդարան, մայիսի 12-ին տեղի ունեցավ Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատվածում: «Զրո ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից: Այժմ քրեական գործով կան կալանավորված բարձրաստիճան զինվորականներ: Ինչի՞ համար են նրանք կալանավորված, որովհետև պարզվում է, որ նրանք ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Հասկանո՞ւմ եք: Ու նրանք չունեն բացատրություն, որովհետև ամեն ինչ կարող է ունենալ բացատրություն: Հիմա եկեք պատկերացնենք՝ եթե մեր ռեակցիաները լինեին, այսպես ասած, գծային 2021 թվականի մայիսին, մենք և՛ ժողովրդավարությունը կկորցնեինք, և՛ պետությունը, և ասվածի մեջ չափազանցություն չկա: Իհարկե, մենք ունենք մարտահրավերներ: Երբ Ուկրաինայի իրադարձություններն սկսվել էին, Հայաստանը փորձում էր, այսպես ասած, բալանսավորված որոշակի դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն: Այդ պայմաններում կար իրավիճակ, երբ դա որոշակի գոհունակություն էր ձևավորում, ըստ էության, բոլոր գործընկերների մոտ: Բայց, իհարկե, ես նաև հրապարակային ասել եմ, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի մանևրի և բոլորի մանևրի դաշտը նեղանում է: Սա, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր և պրոբլեմ է բոլորիս համար և Հայաստանի Հանրապետության համար առավել ևս՝ իր խոցելիությունն էլ հաշվի առնելով», - ամփոփել է Փաշինյանը: