Արմինֆո.Սույն թվականի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից:
Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: «Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կապը կորել էր մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների (Հարություն Հովագիմյան և Կարեն Ղազարյան) հետ: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: «Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք», - ասվում էր Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
Արդեն մայիսի 27-ին Ադրբեջանում հասցրել են նախօրեին անհետացած հայ զինծառայողներին մեղադրել «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրականացված ահաբեկչության, մաքսանենգության, ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու, ապօրինի զենք փոխադրելու և պետական սահմանն ապօրինի հատելու» համար: