Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, Փաշինյանը չէր բացառել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը, հայտարարելով, թե "հայկական կողմի ընկալմամբ հենց կազմակերպությունն է հեռանում է ՀՀ-ից": "Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ անդամակցությունը դե յուրե դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից ։ Այսինքն, այդ դեպքում ՀԱՊԿ դե յուրե մասնակցի ոչինչ չտվող կարգավիճակն, ընդամենը, կխանգարի մեզ այլ երկրների հետ քննարկել անվտանգության օրակարգը։ Դուք կարծում եք, որ Հայաստանն այլ առաջարկներ կամ հնարավորություններ չի՞ ստացել այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու ոլորտում։ Իհարկե, ուներ նման հնարավորություն, բայց այդ հնարավորությունների փակ լինելը, հիմնականում, բացատրվում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ։ Մեզ ասում էին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ձեզ հետ ինչ քննարկենք",- ասել էր վարչապետը: