Արմինֆո.Երևանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետ քաշմանը սահմանագծից՝ Խորհրդային Միության գլխավոր շտաբի 1975թ. քարտեզներով Խոսքն այն քարտեզների մասին է, որոնց մասին ավելի վաղ խոսել էր նաև ռուսական կողմը։ Այդ մասին մայիսի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Այս իրավիճակում դա կնշանակի կայունության ապահովում: Պետք է գոհունակությամբ նշեմ, որ մենք տեսնում ենք նույն ընկալումը միջազգային հանրության կողմից", - պարզաբանել է նա։
Այդուհանդերձ, ինչպես ընդգծել է Փաշինյանը, առնվազն այս պահին Ադրբեջանի դիրքորոշման մեջ տեղաշարժ չի տեսնում։ "Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բաքուն շարունակում է վարել ռազմական ճնշում գործադրելու քաղաքականություն՝ փորձելով այդ կերպ հասնել բանակցություններում առավել շահեկան դիրքերի։ Բայց դա միջազգայնորեն ընդունված պարտավորությունների խախտում է", - նշել է նա։
Միաժամանակ, ըստ վարչապետի, զորքերի հայելային հետ քաշումը չի կանխորոշում սահմանազատման գործընթացը, դա, ընդամենը, անվտանգության բարելավմանն ուղղված միջոց է: "Թեև, 1975 թվականի քարտեզները կարող են և պետք է հիմք հանդիսանան հայ - ադրբեջանական սահմանի հետագա դելիմիտացիայի համար, դա ենթադրում են նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պրահյան պայմանավորվածությունները՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա դելիմիտացիա անցկացնելու մասին", - ասել է նա:
Ինչպես ընդգծել է Փաշինյանը, տարածաշրջանում ռազմաստրատեգիական իրավիճակը շարունակում է լարված մնալ ։ ՀՀ կառավարությունը գտնում է, որ իրավիճակը լիցքաթափելու միակ միջոցը խաղաղության օրակարգն առաջ տանելն է։ Այսօրվա դրությամբ Բաքվի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի շուտափույթ համաձայնեցման և կնքման համար։ Ընդ որում, միջազգային հանրությունն ավելի ու ավելի է հակվում այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց որեւէ նախապայմանի, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովման համար պետք է երկխոսություն հաստատվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, նշել է նա: "Մենք համաձայն ենք այս տրամաբանության հետ և բանակցում ենք այս տրամաբանության շրջանակներում ՝ ընդգծելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը երաշխավորող միջազգային մեխանիզմների ապահովման ծայրահեղ կարևորությունը", - ընդգծել է վարչապետը: