Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում՝ բանակցելու համար: Այդ մասին մայիսի 19-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Իսկապես, հաջորդ շաբաթ մենք զբաղվելու ենք Եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերով։ Մենք ակնկալում ենք, որ Ալիեւն ու Փաշինյանը կլինեն Մոսկվայում", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է "Ռեգնում" գործակալությունը:
Պեսկովը նաև հաղորդել է, որ ԶԼՄ-ները ժամանակին կտեղեկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման անցկացման մասին:
Ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Մոսկվայում: Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի:
Հավելենք նաև, որ այսօր Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: