Արմինֆո.Մայիսի 19-21-ը Երևանում կանցկացվի մարքեթինգի և գովազդի "Պոպոք" 4-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին ասվում է առաջիկա միջոցառման կազմակերպիչների հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, համաժողովի շրջանակում Երևանում կհավաքվեն տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային և գովազդային ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, որպեսզի հայկական ընկերություններին ներկայացնեն իրենց լավագույն փորձը՝ վարպետության դասերի, սեմինարների, խորհրդատվությունների և հարցազրույցների միջոցով: Այն հատուկ ուղղված կլինի սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին, որոնք կառավարում են հյուրանոցներն ու ռեստորանները ։ Այս խմբի համար նախատեսված վարպետության դասերն ու սեմինարները կներառեն ոլորտի համար անհրաժեշտ աքսեսուարների և սարքավորումների համաշխարհային լավագույն բրենդների ներկայացում: Նախատեսվում է մշակութային մենեջմենթի վարպետության դասերի շարք Հայաստանի մշակութային հաստատությունների ՝ թանգարանների, թատրոնների, գրադարանների, համույթների մարքեթինգի ղեկավարների և մենեջերների համար:
Այս տարի միջազգային համաժողովի առանցքային նպատակը և ծրագրի կարևոր բաղադրիչը Երևանի բրենդի զարգացման համար մասնագիտական նախադրյալների ստեղծումն է, ինչպես նաև Երևանի սպասարկման ոլորտի ներկայացուցիչների մարքեթինգային և գովազդային գիտելիքների համալրումը, միջազգային փորձի փոխանակումը: Կարևոր ուշադրություն է դարձվելու ժամանակակից գովազդի և մարքեթինգի մեջ արհեստական բանականության կիրառմանը։
Միջոցառմանը կմասնակցեն մասնագետներ Մոլդովայից, Էստոնիայից, Ուզբեկստանից, Հնդկաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից և այլ երկրներից: Ելույթ կունենան նաև բանախոսներ Հայաստանից, ովքեր իրենց փորձը կկիսեն ոչ միայն տեղի մասնակիցների, այլև արտերկրից ժամանած հյուրերի հետ: