


Արմինֆո.Մայիսի 17-ին HIKEArmenia ՀԿ-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջև կնքվել է փոխընբռնման հուշագիր` ազգային նոր արահետ կառուցելու վերաբերյալ:
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախագիծը ներկայացնում է եզակի ազգային պրոդուկտ՝ գյուղից գյուղ ձգվող 954 կմ երկարությամբ արահետի տեսքով, որն անցնելու է Հայաստանի ողջ երկայնքով՝ 108 գյուղերի միջով։
Ծրագրի շրջանակներում արահետներից բացի նախատեսվում է տեղեկություն տրամադրել 215-ից ավել հյուրատների մասին՝ խթանելու գյուղական տուրիզմի և գյուղական կյանքի զարգացումը Հայաստանում:
«Մենք կարևորում և աջակցում ենք այս նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով Հայաստանը ներկայացնել որպես հայտնի արշավային այցելավայր», - իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։



