


Արմինֆո. Հայաստանը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Այդ մասին մայիսի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ "Կոնկրետ ժամկետ նշել չեմ կարող, այդ հարցը քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդում՝ նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձություններից հետո, բայց հետո որոշում է կայացվել շարունակել աշխատանքը կազմակերպությունում", - ասել է փոխնախարարը:
<Կան հարցեր, որոնք ավելի ուշ քննարկվել են ՀԱՊԿ գագաթնաժողովում, և այդ աշխատանքը շարունակվում է՝ չնայած ՀԱՊԿ դիրքորոշումներից որոշակի հիասթափությանը: Այնուամենայնիվ, որոշում է կայացվել շարունակել աշխատանքը։ Առաջիկայում քննարկումներ կլինեն նաև Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ հայտարարության շուրջ", - ասել է նա, հավելելով, որ իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, և Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունենալով նաև պարտավորություններ, հույս ունի, որ առաջիկա աշխատանքը կհանգեցնի որոշ արդյունքների:
Հարցին, թե արդյոք հիմա օրակարգում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց կա, փոխարտգործնախարարն ասել է, որ նման հարց այս պահին չկա: Միևնույն ժամանակ, նա չի բացառել այդ հնարավորությունը։ "Ամեն ինչ կախված կլինի իրավիճակի զարգացումից", - ասել է փոխնախարարը, հավելելով, որ Երեւանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա:
"Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է քաղաքական գնահատական հնչի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ինչ-որ փուլում այդ քննարկումները կարող են վերսկսվել, այդ թվում ՝ երկրի սահման ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու հարցի շուրջ։ Մենք ցանկանում ենք ավելացնել անվտանգության բաղադրիչը բոլոր ուղղություններով", - եզրափակել է Սաֆարյանը։



