Արմինֆո.Սույն թվականի մայիսի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Մասնավորապես, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ դրսևորվում է կյանքի իրավունքին և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորությանը հակասող վերաբերմունք։ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել պատշաճ դիրքորոշում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողների կոնվենցիոն իրավունքները պատշաճ երաշխավորվել են ՀՀ-ում։ Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան է ներկայացրել նաև համապատասխան ապացույցներ։ Եվրոպական դատարանը, հիմնվելով ՀՀ կառավարության դիրքորոշման վրա, մերժել է ՀՀ դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանցի զինծառայողների հարազատների ներկայացրած պահանջը», - ասվում է հաղորդագրությունում։
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել էր ապրիլի 10-ի գիշերը ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականի ձերբակալման մասին, իսկ ապրիլի 13-ին՝ Նախիջևանի կողմից Հայաստան ներթափանցած երկրորդ ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման մասին։ Ըստ առկա տեղեկությունների ՝ ադրբեջանցի զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահակի հեռախոսը: Երկուսի նկատմամբ էլ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում, նրանք ձերբակալվել են։ Սյունիքի մարզի դատարանի որոշմամբ զինծառայողներից Աբշին Բաբիրովը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու և զենք-զինամթերք տեղափոխելու համար: Նա դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։ Երկրորդ՝ Հուսեյն Ախունդովի գործով դատավարությունը շարունակվում է։