Արմինֆո. Չեխիան անուշադրության չի մատնում բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև։ Այդ մասին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան՝ մայիսի 4-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
<Մենք գիտենք բարդ իրավիճակի մասին, ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության և աշխարհաքաղաքականության ոլորտներում: Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, եւ մենք համերաշխ ենք ԵՄ-ի հետ այդ հարցում", - ասել է Ֆիալան։
"Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջև քննարկումներին, մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ ստորագրվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Վարչապետի հետ մեր քննարկումներից ես հասկացա, որ Հայաստանն, անշուշտ, շահագրգռված է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման հեռանկարներով։ Հայաստանը շատ շահագրգռված է հաստատուն լուծում գտնելու հարցում", - հայտարարել է Չեխիայի վարչապետը։ Նա վստահեցրել է, որ Պրահան անհրաժեշտ ջանքերը կներդնի բոլոր միջազգային հարթակներում, որպեսզի Հայաստանը կարողանա հասնել տևական խաղաղության: