


Արմինֆո. Երևանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես հերքել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված մեղադրանքները՝ կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու վերաբերյալ:
Ի պատասխան տարածվող լուրերը մեկնաբանելու ԱրմԻնֆո-ի հարցմանը՝ դեսպանությունում, մասնավորապես, հայտարարել են. «Դեսպան Անն Լույոյի հասցեին ուղղված զրպարտչական և չարամիտ լուրերը որևէ հիմք չունեն։ Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես հերքում են դրանք և դատապարտում են կեղծ փաստաթղթերի օգտագործումը։ Դեսպանն իրեն իրավունք է վերապահում հարցին տալ իրավական ընթացք: Դեսպան Անն Լույոն աշխատում է Երևանում՝ ծառայելով ֆրանս-հայկական հարաբերություններին և մեր երկու երկրների բարեկամությանը։ Մենք պաշտոնապես հերքում ենք»:
Նշենք, որ ավելի վաղ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում պնդել էր, թե, իբր, Հայաստանում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանից մի քանի միլիոն դոլար է ստացել իր օֆշորում, իսկ դրա դիմաց Հայաստանում լրտեսություն է իրականացրել հօգուտ Ադրբեջանի: Նա նաև դեսպանին մեղադրել էր ՀՀ տարածքում կոռուպցիոն սխեմաներին մասնակցելու համար։



