Արմինֆո. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն ընդգծել է, որ Անկարան չէր կարող չարձագանքել Հայաստանի վերջին քայլին։ Քալընը, մասնավորապես, նշել է. "Թող չսպասեն, որ Թուրքիայի պատմական հիշողության դեմ ուղղված գործողությունները և նրան ցեղասպանության մեջ մեղադրողները կմնան անպատասխան։ Դա, բնականաբար, կհանգեցներ օդային տարածքի փակմանը"։
Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախազգուշացման փակել էր իր օդային տարածքը Հայկական Flyone Armenia ավիաընկերության դեպի Եվրոպա չվերթների համար, և ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթը ստիպված վայրէջք է կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը կարողացել է վերադառնալ "Զվարթնոց" օդանավակայան: Իսկ արդեն մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով տարանցման (overflight) հնարավորություն չեն տվել։ Այդ պատճառով ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան-Փարիզ-Երևան չվերթը։
Այդ առնչությամբ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է երկինքը Հայաստանի ինքնաթիռների համար "ի պատասխան Երևանում տեղի ունեցած սադրանքի"՝ ապրիլի 25-ին "Նեմեսիս" գործողության մասնակիցների հուշարձանի բացման։