
Արմինֆո.Հայտնի գործարար, հասարակական-քաղաքական գործիչ և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքման օրը մոտենում է: Այդ մասին նա հայտարարել է ռուսական RBC հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ ընթացող բանակցությունների եւ, այսպես կոչված, խաղաղության «ճանապարհային քարտեզի» վրա նրանց աշխատանքի մասին հարցին:
Վարդանյանի ասելով, անցակետ տեղադրելով Լաչինի միջանցքում, Ադրբեջանը, պարզապես, հակառուսական գործողություն է իրականացրել, և նրանք ամեն կերպ փորձում են չեղյալ համարել և չեզոքացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ: «Եւ այս տեսանկյունից, կարծում եմ, որ նոր խաղաղության պայմանագրի հիմքը շատ թույլ է, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի: Երկրորդ, ես դժվարանում եմ պատկերացնել խաղաղության մասին պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո, երբ բնակչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից, քեզ խաղաղության կոչ են անում՝ միաժամանակ ատրճանակն ուղղելով ճակատիդ. դա խաղաղ համաձայնագիր չէ: Պատմության ընթացքում երբեք նման բան չի եղել և հիմա էլ չի լինի, վստահ եմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ, դա ուղղակի մեծ խաղ է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար», - ասել է Վարդանյանը։
Ի պատասխան RBC-ի թղթակցի «տարօրինակ» ոչ կոմպետենտ հարցին այն մասին, թե՝ Բաքուն Լաչինի միջանցքի վերահսկման իր քաղաքականության մեջ հղում է անում նախկինում ստորագրված փաստաթղթերին ու պայմանավորվածություններին, Վարդանյանը հիշեցրել է, որ 2020 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագիրը ենթադրում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի բաց հաղորդակցություն Լաչինի միջանցքով: «2,5 տարի Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո և այն 5 կիլոմետր լայնությամբ պետք է ազատ լինի։ Ավելին, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այս քայլին գնացին Ադրբեջանի կողմից, լավ չեն պատկերացնում իրենց արածի հետևանքները: Նրանք այնքան են խճճվել, որ չեն պատկերացնում դա ինչ անցակետ է, դա ինչը ստուգելու համար է և այլն։ Ինձ թվում է՝ նրանք հիմա հսկայական խնդիր են ստեղծել ոչ միայն Արցախում ապրողներիս ու ռուսական խաղաղապահ ուժերի, այլ նաև իրենց համար՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ իրենց՝ այնտեղ գտնվելու կարգավիճակը հասկանալի չէ, հասկանալի չէ, թե ի՞նչ են ստուգում, ո՞ւմ են ստուգում, ի՞նչ հիմքով են ստուգում։ Ուստի, այս առումով, նրանք ուղղակի ավելի բարդացրել են իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով, և դա, ցավոք, ձեռնտու է միայն այն ուժերին, որոնք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը չլինի այստեղ», - նշել է նա։
RBC-ի թղթակցի այն դիտարկմանը, որն անտեսել է ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների մասին զրուցակցի խոսքերը, թե՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն միանգամայն հստակ հայտարարում է, որ արգելված է զինծառայողների, զենք-զինամթերքի տեղափոխումը, իսկ տրանսպորտային միջոցների, բեռների և քաղաքացիական անձանց համար ճանապարհն, իբր, բաց է, Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները, ինչը և անում էին, եթե լինում էին ինչ-ինչ հարցեր: «Բայց ադրբեջանցի զինվորականների կամ սահմանապահների ներկայությունը նախատեսված չէ այդ փաստաթղթով, դա միանշանակ է։ Այդ տեսանկյունից փաստաթղթի ցանկացած այլ մեկնաբանություն, խաղ է։ Ավելին՝ եթե Ադրբեջանը խաղաղության օրակարգ ունի, այդպես չեն իրականացնում խաղաղության օրակարգը՝ մարդկանց ճնշելով, լարման մեջ պահելով, այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնել միմյանց նկատմամբ խաղաղության ուղղությամբ շարժվելու գործընթացը», - նշել է նա։
Անդրադառնալով RBC-ի թղթակցի այն պարզաբանմանը, թե կարգավորման մի քանի տարբերակ կար՝ մոսկովյան տարբերակը և վաշինգտոնյան տարբերակը, եւ առաջնահերթությունը տրվել է ամերիկյան տարբերակին, Վարդանյանն ընդգծել է, որ 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ փաստաթղթերն անիմաստ են, եթե գետնի վրա չկա իրական հիմք։ «Մենք շատ լավ հիշում ենք Անգլիայի վարչապետի հայտնի արտահայտությունը, որը նա արեց Գերմանիայի հետ՝ Մյունխենից բերված պայմանագիր դեպքում՝ ասելով, թե «Ես խաղաղություն եմ ձեզ բերել»։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Այդ պատճառով, գիտեք, յուրաքանչյուր բանակցություն իմաստ ունի այն ժամանակ, երբ գործնականում կան հիմքեր, որ մարդիկ իսկապես ցանկանում են պայմանավորվածություններ ձեռք բերել։ Երկրորդը՝ ես կրկնում եմ, որ չի կարելի ստիպելով, սպառնալով, այդ թվում և էթնիկ զտման սպառնալիքով, թե՝ ով համաձայն չէ, այստեղ չի կարող ապրել, հասնել խաղաղության մի տարածաշրջանում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և եկել է մի սերունդ, որն ընդհանրապես չգիտի, թե ինչ է Ադրբեջանը, որովհետև նրանց հետ երբեք շփում չի եղել։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե նրանք ինչպիսի կերպար են ստեղծում Արցախում՝ կիրառելով այսպիսի հռետորաբանություն և անելով այդպիսի քայլեր։ Այդ պատճառով պետք է ասեմ, որ զարմացած եմ Ադրբեջանի ոչ գրագետ քայլերից, որն իսկապես խաղաղության ինչ-որ օրակարգ առաջարկելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը՝ այն դարձնելով ավելի պայթյունավտանգ», - հայտարարել է Վարդանյանը, կոչ անելով վերադառնալ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության տառին, որի համաձայն, Լաչինի միջանցքը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները: