Արմինֆո. Ադրբեջանում կրկին հիշել են Դադիվանքի վանական համալիրի մասին և սպառնում են այնտեղից վտարել հայ հոգևորականներին:
Այսօր լրագրողների հետ զրույցումԱդրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, թե հայ հոգևորականները պետք է հեռանան վանքից: Ավելին, այլ ժողովուրդների հոգևոր-մշակութային արժեքների պատմությունը յուրացնելու կամ խեղաթյուրելու տխուր ավանդույթի համաձայն, նա հայտարարել է, թե, իբր, այդ հայկական վանքը ոչ թե հայկական է, այլ, իբր, պատկանել է "Կովկասյան Ալբանիային"։
Թեև հինավուրց վանքի հայկական արձանագրությունները բոլորովին այլ բան են ասում։ Եվ այսօր միայն ռուս խաղաղապահներն են խանգարում ադրբեջանցիներին ոչնչացնել վանքի հայկական հետքերը: Հայաստանի իշխանությունների կողմից Քարվաճառը թշնամական կողմին հանձնելուց հետո Դադիվանքը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ է։
Դադիվանքը (բլրի վրա գտնվող տաճար) 12-13-րդ դարերի հայկական վանք է, միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկը։ Հայկական ճարտարապետության կարևորագույն նմուշներից և գլուխգործոցներից է ։ Գտնվում է Քարվաճառի շրջանում՝ Արցախի Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։