Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով լրջորեն տուժած Ջերմուկ քաղաք, որտեղ հանդիպել է ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ՝ Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, և Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հետ:
Հանդիպման ընթացքում Կոլոնան կարևորել է այն աշխատանքը, որն իրականացնում են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները: "Կարևոր է նաև այն աշխատանքը, որը դուք միասին իրականացնում եք լարվածությունը նվազեցնելու և խաղաղության հաստատման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար", - ասել է ֆրանսիացի դիվանագետը:
ՀՀ գլխավոր շտաբի պետն, իր հերթին, բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: Նրա հավաստմամբ՝ այդ առաքելության շնորհիվ Ադրբեջանի ԶՈՒ-ն իրեն ավելի զուսպ է զգում։ Նա նաև նշել է սահմանին եվրոպական առաքելության հետ հաջող փոխգործակցությունը։
Կոլոնան պատասխանել է, որ նաև արձանագրում է առաքելության դրական փոխգործակցությունը Հայկական կողմի հետ։ Նրա գնահատմամբ՝ առաքելության գործունեությունը շատ արդյունավետ է եւ թույլ է տալիս Եվրամիությանը տեղերից ստանալ տեղեկատվություն, որը շատ օգտակար է ԵՄ անդամ բոլոր երկրների համար: "Սա դիտորդական առաքելություն է, ոչ ռազմական։ Այնուամենայնիվ, այն թույլ է տալիս ինչ - որ չափով նվազեցնել լարվածությունը", - ամփոփել է նա։
Նշենք, որ Կատրին Կոլոնան Երևան է ժամանել ապրիլի 27-ի երեկոյան։ "Զվարթնոց" օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Այնուհետև Կոլոնան Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի ավարտին Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած ծառը: Երեկոյան նա նաև բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 28-ին: