


Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ կապված Բերձորի/Լաչինի միջանցքի Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրման հետ:
"Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումն այն մասին, որ Լաչինի ճանապարհին սահմանային հսկիչ անցակետի ստեղծումը "էթնիկ զտման" նպատակ է հետապնդում, անընդունելի է և անհեթեթ",- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարությունների:
Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ "Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետ հիմնելու հարցում հայկական կողմի ցանկացած միջամտություն ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, եւ դա հակասում է Պրահայում եւ Սոչիում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին": "Հայկական կողմի նման հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը, այլ ուղղված են լարվածության ուժեղացմանը", - ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն ՝ հերթական անգամ մտացածին մեղադրանքներ առաջադրելով Երևանի հասցեին ՝ Լաչինի միջանցքն ապօրինի գործունեության, զինամթերքի և ականների տեղափոխման համար օգտագործելու վերաբերյալ:
Պաշտոնական Բաքուն արձագանքել է նաև Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում հրատապ միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման անհրաժեշտության և Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմների մասին Փաշինյանի հայտարարությանը, նշելով, որ "ադրբեջանական կողմը հայ բնակիչների հետ երկխոսություն կիրականացնի երկրի օրենսդրության շրջանակներում, և այդ հարցում երրորդ անձանց միջամտությունն անթույլատրելի է":



