
Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ եւ կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականցվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձեւավորված երկարամյա փոխգործակցությանը եւ դրա շարունակականության կարեւորությանը։
ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը եւ կատարելագործելու արդեն իսկ ձեւավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
Նշենք, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատորը: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, Անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարության ենթակայության տակ ՝ գործակալությունը հանդիսանում է առևտրաարդյունաբերական պետական հաստատություն, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին: Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը ԶՖԳ-ի հետ սկսվել է դեռևս 2012 թվականից: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2022 թվականի սկզբի դրությամբ մեր երկրում ԶՖԳ-ի պորտֆելը կազմում է 125.5 մլն եվրո։