Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 12-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Թոդ Ռոբինսոնի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ, մասնավորապես՝ ոստիկանության և դատական համակարգի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է նշված ոլորտներում Հայաստան-ԱՄՆ համագործակցության բարձր մակարդակը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նույն օրն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։ Երկու կողմերն ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։ Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-ին հանդիպում է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական վերջին զարգացումների շուրջ, քննարկել են Հայաստանի տնտեսական հեռանկարները գլոբալ արդի մարտահրավերների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ Պահուստային ծրագրի ընթացքին ու նախանշված բարեփոխումների իրականացմանը: