


Արմինֆո. Անընդունելի է ուժի կիրառումը վեճերը լուծելու նպատակով, դա խափանում է բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ ի պատասխան ապրիլի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված մահացու բախման մասին «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը:
«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», - ընդգծել են գերատեսչությունում:



