
Արմինֆո. Եվրամիության մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այդ մասին հայտարարել Է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ "Անվտանգությունը Հարավային Կովկասում. ո՞րն է ԵՄ դերը" թեմայի շուրջ քննարկումների ընթացքում, որոնք կազմակերպվել են Բրյուսելում տեղակայված European Policy Center վերլուծական կենտրոնի կողմից։
Կլաարի խոսքով՝ ԵՄ-ը շահագրգռված է Հարավային Կովկասի բարգավաճմամբ, այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմամբ. "Տարածաշրջանում դրական զարգացումը բխում է մեր շահերից: Դրա ապահովմանը մեր մասնակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Հարավային Կովկասը մեր հարևանությամբ է, և մենք այստեղ խաղաղություն և կայունություն ենք ուզում"։
Հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը էական փոփոխություններ չի մտցրել տարածաշրջանում ԵՄ-ի քաղաքականության և ակտիվացման մեջ:
Ինչպես հաղորդում է APA-ն, Կլաարը նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԵՄ-ն սկսել է ավելի ակտիվ աշխատել տարածաշրջանի երկրների հետ: "Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ ԵՄ-ն նախկինում էլ է մասնակցել այդ գործընթացին, մեր շփումները չեն ավելացել Ուկրաինայի օկուպացիայի պատճառով, այդ շփումները մենք արդեն ունեցել ենք մինչ այդ":
Դրա հետ մեկտեղ, նա նշել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակումն ու դրա հնարավոր տարբերակի տեքստերի փոխանակումը: Նրա խոսքով ՝ գործընթացը չի դադարել։ "Բայց այն հարցը, որ այսօր նույնպես բարձրացվել է, թե ինչ է լինելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ինչպես ենք ապահովելու համապարփակ խաղաղությունը, իսկ դա և Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն է, և հաղորդակցությունները, և այն հարցը, թե ինչպես են մարդիկ Հայաստանում և Ադրբեջանում սկսելու շփվել։ Մի բան է ունենալ խաղաղության համաձայնագիր, բայց, ի վերջո, այդ հակամարտությունից բխող հարցերը պետք է լուծվեն", - եզրափակել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։