Արմինֆո. Իրանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Իսրայելում դեսպանատան բացումն ու դեսպանի նշանակումը: Ավելին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ է արվում համապատասխան դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, Իրանի Մեջլիսի 210 պատգամավորների ընդունած հայտարարությունում ասվում է. "Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը, գործելով իսլամական աշխարհի շահերին հակառակ, դեսպանատուն է բացել սիոնական ռեժիմի կենտրոնում, որը բռնազավթել է Երուսաղեմը, և իր դեսպանին է ուղարկել կեղծ ռեժիմին։ Ադրբեջանի կառավարության այս գործողությունը լուրջ բացասական քաղաքական հետևանքներ կունենա նրանց համար, և աշխարհի մահմեդականները նրանց կդիտարկեն որպես սիոնական ռեժիմի հանցակիցներ՝ ճնշված պաղեստինցիների դեմ հանցագործությունների եւ սպանությունների համար: Մենք խնդրում ենք արաբական և իսլամական կառավարություններին, և իսլամական աշխարհին, հատկապես, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և նրա քարտուղարությանը դատապարտել դա", - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թել Ավիվում տեղի է ունեցել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը: Այդ իրադարձությանը մասնակցելու համար Իսրայել էր մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Արարողությունից առաջ նա բանակցություններ է վարել իսրայելցի գործընկեր էլի Քոենի հետ։
Հավելենք նաև, որ Բայրամովի Իսրայել կատարած այցի արդյունքում հայտնի է դարձել, որ Բաքուն մտադիր է Թել Ավիվից գնել LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի, "Barak-8" միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրի հրթիռների խմբաքանակ և "Երկաթե գմբեթ" ( Iron Dome) հակահրթիռային պաշտպանության մարտավարական համակարգ: Ի դեպ, "Barak 8" -ն Ադրբեջանի սպառազինության մեջ է 2016 թվ ից, իսկ LORA-ն՝ 2018 թվից։ Երկու համալիրներն էլ կիրառվել են Արցախի դեմ ԱՀ ագրեսիայի ժամանակ, ընդ որում, Ադրբեջանն առաջին երկիրն էր, որը մարտական գործողություններում կիրառել է LORA ՕՄՀՀ։