Արմինֆո. Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։ Նման կարծիք է հյտնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։ Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին», - գրել է Թովմասյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ Հայաստանի օմբուդսմենը հրաժարական էր ներկայացրել այս տարվա հունվարի 23-ին։ Մինչ օրս չի ընտրվել երկրի մարդու իրավունքների նոր պաշտպան, թեև, ըստ կանոնակարգի, նա պետք է առաջադրվեր և ընտրվեր մեկ ամսվա ընթացքում: