Արմինֆո. Ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, հայտնվել Տեղ համայնքում, որտեղ տեղակայվել և հենակետ են ստեղծել։ Այդ մասին 24News-ին պատմել է Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, Արավուս ավանի վարչակազմի ղեկավար Արգամ Հովսեփյանը։
Հովսեփյանի ասելով, ադրբեջանական զորքերը տեղակայվել են Արավուսի սահմանից մինչև Կոռնիձոր, այդ թվում՝ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին պատկանող արոտավայրերից մեկում:
«Նրանք անցել են բազմաթիվ մարդկանց պատկանող դաշտերով, բուլդոզերներով հարթել են հողը, վրաններ տեղադրել, խրամատներ փորել, ինժեներական աշխատանքներ են կատարում: Մասնավորապես, երեկ նրանք ամրապնդվել են նաև իմ դաշտում։ Ես տեսել եմ նրանց, բայց, անվտանգության նկատառումներից ելնելով, առանձնապես չեմ մոտեցել, հեռվից ամեն ինչ երևում է", -24News-ին պատմել է Մասիս Զեյնալյանը։
Հովսեփյանը նաև հաղորդել է, որ որոշ արոտավայրեր հայտնվել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ, քանի որ նրանք գրավել են գերիշխող բարձունքներ, և անասուններին այժմ արածեցնել չի կարելի:
Նրա խոսքով ՝ այժմ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ։
Հավելենք, որ դեպի Տեղ գյուղ ադրբեջանական զորքերի առաջխաղացման առնչությամբ մարտի 30-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:
«1․Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
2․2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
3․Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
4․Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
5․Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
6․Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
7․Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության», - ասվում է հաղորդագրությունում: