Արմինֆո. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը նախօրեին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱլԳ 2023թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվել են իրենց առաջարկություններով և իրենց գոհունակությունը հայտնել աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծել է ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման:
Իր ելույթում Արա Մարգարյանն անդրադարձել է ԱլԳ Տնտեսական և ներդրումային ծրագրով Հայաստանի համար նախատեսված հինգ ուղենշային նախաձեռնություններին և դրանց կարևորությանը Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ երկրի դիմադրողականությունը բարձրացնելու տեսանկյունից:
Օրակարգի՝ ԱլԳ տարածաշրջանում անվտանգության և արժեքների հարցերի նվիրված կետի ներքո քննարկմանն Արա Մարգարյանը կարևորել է համընդհանուր եվրոպական արժեքների հարգումն ու պաշտպանումն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նա վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի պայմաններում։ Նա նաև անդրադարձել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերին՝ տարածաշրջանում կայունության պահպանման գործում: