Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզված է իր անպատժելիության մեջ, միայն այդպես կարելի է հիմնավորել այն, որ նա շարունակում է ողջ աշխարհի առջև պարծենալ Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայով:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն երրորդ տարին է՝ 10 միլիոնանոց Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո, էլ չենք խոսում այդ գործընթացում Արցախի 160 հազարանոց ժողովրդի դեմ 88 միլիոնանոց Թուրքիայի և Մերձավոր Արևելքի վարձկանների ներգրավվածության մասին, կրտսեր Ալիևը, որն, ըստ երեւույթին, ինքնագնահատման խնդիր ունի, շարունակում է ինքնահաստատվել Լեռնային Ղարաբաղի փոքր, բայց բավական տոկուն ժողովրդի հաշվին։
Այսօր Ադրբեջանի բռնապետը հերթական անգամ հայտարարել է, թե "Բաքուն թույլ չի տա որևէ մեկին Ադրբեջանի հետ վերջնագրի լեզվով խոսել"։ Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը Բերձորը (Լաչինը) վերադարձրել է "ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ քաղաքական ճանապարհներով"։ Հետո պարծեցել է Շուշիի օկուպացմամբ։ Թեև, իրականում, այդ բոլոր տարածքները Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանին են հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
"Բանակցությունների երկար տարիների ընթացքում միջնորդները մշտապես ինչ-որ հատուկ մոտեցում էին դրսեւորում Լաչինի շրջանի նկատմամբ, և Հայաստանը, ընդհանուր առմամբ, անընդունելի էր համարում Լաչինի շրջանի վերադարձն Ադրբեջանին: Չնայած նրանք չէին պատրաստվում հեռանալ նաև այլ շրջաններից։ Հիմա, պատերազմի ավաարտից 2,5 տարի անց, դա ավելի քան ակնհայտ է դարձել բոլորի համար: Միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ նախկին Մինսկի խումբը, բանակցելով, փաստորեն, փորձում էին ամրապնդել այդ օկուպացիան", - խոստովանել է Ալիևը, որն շտապել է Ֆրանսիային մեղադրել ադրբեջանցիների նկատմամբ կողմնակալության համար։ Նրա խոսքով ՝ Եվրախորհրդարանում հակաադրբեջանական բանաձևերը նույնպես ֆրանսիացի պատգամավորների ձեռքի գործն են։
Ալիևը, ընդսմին, նշել է, թե հակաադրբեջանական ուժերը տեսան իրենց "անկոտրում կամքը": "Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Ոչ ոք չի կարող մեզ հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մենք դա ապացուցեցինք Հայաստանին ղարաբաղյան երկրորդ պատերազմում, մենք դա ապացուցեցինք Հայաստանի հովանավորներին պատերազմից հետո՝ երկուսուկես տարվա ընթացքում։ Մենք հաղթեցինք նրանց և ևս մեկ անգամ ցույց տվեցինք ողջ աշխարհին, որ մենք հասնում ենք և հասնելու ենք այն բանին, ինչ ուզում ենք", - ասել է Ադրբեջանի նախագահը։
Այնուհետև նա ներկայացրել է ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները բնակեցնելու ծրագրերը, կրկին խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև վերահաստատել է Բերձորի միջանցքում 5 կմ անվտանգության գոտու ապահովմանն ու անարգել երթևեկությանը վերաբերող պարտավորությունների խախտման փաստը: Նա նաև տեղեկացրել է այդ ուղղություններով ամրաշինական աշխատանքների ավարտական փուլի մասին։ Այնուհետեւ Ալիեւը պարծեցել է, որ Ադրբեջանը միջազգային հանրության լուռ խրախուսմամբ օկուպացրել է ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս վերահսկել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, եւ վերահաստատել է այսուհետ եւս ուժի սպառնալիքի սկզբունքով առաջնորդվելու մտադրությունը՝ Երեւանից ցանկալի զիջումներ ստանալու հարցում։