Արմինֆո. Հայաստանը չի խոչընդոտել ԵԱՀԿ-ում որոշման կայացմանը։ Այդ մասին հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցմանը, թե արդյոք իրականությանը համապատասխանում են ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ ՀՀ-ն խոչընդոտել է "Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչությունը" դատապարտող հայտարարության ընդունմանը ԵԱՀԿ-ում:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Հայաստանի հասցեին համապատասխան մեղադրանք էր հնչեցրել ադրբեջանական կողմը։ "Ցավոք, հայկական կողմն ամեն կերպ խոչընդոտել է շուրջ երկու ամիս շարունակվող քննարկումներին եւ թույլ չի տվել ընդունել դեսպանատան վրա հարձակումը դատապարտող հայտարարությունը, որում ընդգծվում էր արդարության ապահովման համար մանրակրկիտ հետաքննության անցկացման կարեւորությունը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն Իրանի հիմնական ներկայացուցիչն է ԵԱՀԿ - ում, այլև շահագրգռված չէ կայունության և հանգստության հարցում", - այն ժամանակ գրել էր իշխանամետ APA գործակալությունը։
"Ի սկզբանե՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպի առնչությամբ Ադրբեջանը ԵԱՀԿ-ին ներկայացրել էր հայտարարության նախագիծ, որի հիմնական նպատակը քաղաքական շահարկումներն էին։ Դրա ապացույցն այն է, որ աշխատանքային քննարկումների ընթացքում Ադրբեջանը որևէ պարզաբանում կամ տեղեկատվություն չի ներկայացրել, ինչը բնական է նման դեպքերում",- հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ում։
Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ այդ հարցը շուրջ երկու ամիս պահելով կազմակերպության օրակարգում եւ որեւէ լրացուցիչ տեղեկատվություն չներկայացնելով, այնուհետեւ Ադրբեջանն առանց որեւէ բացատրության հարցը հանել է օրակարգից: Հայաստանի ԱԳՆ-ում արձանագրել են, որ դրանից հետո ադրբեջանական կողմը կազմակերպել է ԵԱՀԿ-ում փակ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության արտահոսք' խեղաթյուրելով իրականությունը:
"Նման գործողություններով Ադրբեջանը նպատակ է հետապնդում շեղել միջազգային հանրության ուշադրությունը պարբերաբար իր կողմից կոպտորեն ոտնահարվող միջազգային իրավունքի նորմերից և ԵԱՀԿ սկզբունքներից", - ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: