Արմինֆո.Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու մասին համաձայնագրի վավերացման գործընթացն սկսվել է 2-3 ամիս առաջ, այսինքն, մինչ Հաագայի դատարանի հայտնի որոշումը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման միջազգային օրդեր տալու մասին - խմբ.)։ Այս մասին մարտի 20-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան մարդիկ, որոնց այդ միացումն անհրաժեշտ է։ Նա հիշեցրել է, որ համաձայնագրի նախագիծը կքննարկվի ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ երկրի հիմնական օրենքի պահանջներին դրա համապատասխանությունը պարզելու նպատակով: «Ես չեմ կարող կանխատեսել դատարանի որոշումը: Առավել ևս, ես իրավունք չունեմ քաղաքական գնահատական տալ, որպեսզի այն չծառայի ինչ-որ նպատակների։ Եվ եթե համաձայնագիրը հակասի Սահմանադրության դրույթներին, դատարանը համապատասխան որոշում կկայացնի», - ընդգծել է Ալեն Սիմոնյանը։ Նա կասկած է հայտնել ՌԴ նախագահի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից ինչ-որ գործողությունների հնարավորության առնչությամբ՝ այս կամ այն միջոցառմանը նրա մասնակցության դեպքում՝ լինի դա ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ։ «Գործնականում, ես դա չեմ կարող պատկերացնել, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկի երկիրը։ Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, և չեմ կարող պատասխանել այդ հարցին: Կարծում եմ, որ այդ որոշման մեջ գերակա է իրավական եւ քաղաքական բաղադրիչը, քան՝ որոշակի գործողությունները", - ասել է ԱԺ նախագահը:
Նշենք, որ բազմաթիվ դիտորդների կարծիքով, Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին հանրապետության միանալու մասին համաձայնագրի վավերացումը կարող է ճանապարհ բացել Հայաստանի տարածքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ գործողություններ ձեռնարկելու համար: Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել: Նրանց մեղադրում են ուկրաինացի երեխաների տեղահանության համար։ Ավելի վաղ ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք տեղափոխելը կարող է համարվել պատերազմական հանցագործություն: