Արմինֆո.Հայաստանը խաչմերուկում գտնվող երկիր է՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ քաղաքական առումով։ Այդ մասին Հայաստան կատարած այցից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր երկրի ժողովրդավարությունը կարևոր առաջընթաց քայլեր է կատարել: Ռասմուսենը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ը եւ ժողովրդավարական աշխարհը պետք է ավելին անեն այդ զարգացմանն աջակցելու համար:
"Այս շաբաթ ես եղել եմ Հայաստանում, որպեսզի ցույց տամ իմ աջակցությունը այդ ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև ուշադրություն հրավիրեմ Եվրոպայի հետնաբակում շարունակվող հումանիտար ճգնաժամի վրա ։ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի շարունակվող շրջափակումը վիթխարի դժվարություններ է ստեղծում։ Մեզ շտապ անհրաժեշտ է ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի անկախ առաքելություն ՝ տեղերում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ ԵՄ-ը պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որպեսզի անհապաղ հասնի դրան", - ամփոփել է Ռասմուսենը։