Արմինֆո.Զինված ուժերի ամրապնդման համար անհրաժեշտ է, նախ և առաջ, բացահայտել առկա բոլոր խնդիրները։ Այդ մասին մարտի 15-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա ասելով՝ վերացնելով առկա խնդիրները, անհրաժեշտ է առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է բանակի ոգուն, ապա, ինչպես ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, այդ հարցն ամենօրյա աշխատանքի առարկա է, որտեղ կարևոր տեղ է հատկացվում հանրությանը: "Բանակը հասարակության մի մասն է", - նշել է Պապիկյանը, հավելելով, որ զինված ուժերն այսօր համալրված են սպառազինությամբ այնքանով, որքանով դա թույլ են տալիս ռեսուրսները։ Հարցը լուծվում է ամենօրյա ռեժիմով։
Այնուամենայնիվ, նախարարը հրաժարվել է հայտնել ձեռք բերված սպառազինության և տեխնիկայի քանակը և թե՝ որ երկրներից՝ վկայակոչելով պետական գաղտնիքը։ Այդ իսկ պատճառով նա հայտարարել է, որ մտադիր չէ անդրադառնալ հնդկական, ռուսական, իրանական կամ այլ պետության մամուլի հրապարակումներին։
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ 2020 թվականի 44 - օրյա պատերազմի ընթացքում Արցախում չի գործարկվել պաշտպանական ողջ ներուժը, Պապիկյանը նշել է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ չօգտագործված զենքի մասին է խոսքը։ "Հարցը պետք է հասցեագրվի երրորդ նախագահին, այդ թվում ՝ թե ինչ զենք չի օգտագործվել, ով չի օգտագործել։ Այդ բոլոր հարցերը Սերժ Սարգսյանի դաշտում են", - ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստ է վաճառել Երեւանում ձեռք բերած բնակարանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ հարցը կգրանցվի իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում: "Երեկ կարդացի "Որտեղից Պապիկյանին 400 հազար դոլար " վերնագրով հոդվածը։ Այս հարցի պատասխանը կտրվի իմ հայտարարագրում, այդ թվում՝ առևտրային բանկերից մեկից ներգրավված վարկի գծով, որքան գումար է վճարվել իմ կողմից կանխավճարի տեսքով, ինչ միջոցներից է գոյացել այդ կանխավճարը, ես այդքան աշխատավարձ եմ ստանում, թե ոչ, իմ հաշվին եղել է որոշակի գումար, թե չի եղել ։ Այս ամենը կներկայացվի", - ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ այն թաղամասում, որտեղ բնակարան է ձեռք բերվել, վաճառվել է ևս 300 բնակելի տարածք ։
Մեկնաբանելով նախարարի մոտալուտ հրաժարականի մասին հայկական ԶԼՄ-ների հրապարակումները' Պապիկյանն ասել է, որ մտադիր չէ սկսած գործը կիսատ թողնել եւ այդ պատճառով չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից: "Ես շարունակելու եմ զինված ուժերում սկսված բարեփոխումները, և թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը", - ասել է նախարարը, մատնանշելով նաև պայմանագրային զինծառայողների հաշվին բանակի համալրումը, զինված ուժերի տեղափոխումը մասնագիտական հենքի, որի դրսևորումներից մեկը "Հայրենյաց պաշտպան" ծրագիրն էր, որի շրջանակներում բանակը համալրվեց հարյուրավոր մարդկանցով: Շարունակվում է նաև բանակը սպաներով համալրելու լուրջ աշխատանքը, աշխատանք է տարվում Վազզգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ավիացիոն ուսումնարանի համալրման ուղղությամբ, միաժամանակ լուծելով սոցիալական հարցեր, որոնց թվում են սպաներին բնակարաններով ապահովելը և զինծառայողների ատեստավորումը: "Շուտով խորհրդարան կներկայացվի օրինագծերի հերթական մեծ փաթեթը, որը եւս մեկ ուղղություն կդառնա բարեփոխումների ծրագրում", - ընդգծել է Սուրեն Պապիկյանը: